ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒրարտական ամրոցի պեղումները

ՈՒրարտական ամրոցի պեղումները
29.09.2015 | 12:10

Օձաբերդը Սևանի ավազանի այն եզակի հուշարձանն է, որն ունի սեպագիր արձանագրություն


Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի մոտակայքում գտնվող Օձաբերդ հնավայրում հայտնաբերվել են 10-6-րդ դդ. նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական նոր շերտեր:
«Պեղումները սկսվել են նախանցյալ տարվանից: Երբ Օձաբերդի հայ-իտալական արշավախումբը նախնական աշխատանքները սկսեց, արդյունքները հուսադրող էին, աշխատանքները շարունակվեցին նաև այս տարի,- այս մասին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ, նշելով, որ հուշարձանը շատ կարևոր դեր ունի նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական շրջանի պատմամշակութային իրողությունները մեկնաբանելու հարցում:- Ուրախ եմ այն արդյունքների համար, որ Ծովինարը տալիս է և դեռևս տալու է»:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆՆ ասաց, որ խոսքը շատ հետաքրքիր հուշարձանի մասին է. «Օձաբերդը Սևանի հարավային ավազանում ուրարտական ամենամեծ ամրոցներից է: Այն հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար: Մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սևանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն` շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է: Սևանի ավազանի այն եզակի հուշարձանն է, որն ունի սեպագիր արձանագրություն, հայտնի է նաև ամրոցի անունը շնորհիվ ուրարտական միապետ Ռուսա Առաջինի, ով ամրոցը ձոնել է տարերքի աստված Թեյշեբային»:
Հնագետը նշեց նաև, որ Սևանի հարավային ավազանում պեղվել են բազմաթիվ դամբարանային համալիրներ, բայց բնակավայրերը որպես այդպիսին քիչ են ուսումնասիրվել:
Այս աշխատանքների շնորհիվ կարելի է հասկանալ ուրարտականի և տեղականի փոխհարաբերության խնդիրները, ուրարտականից դեպի հետուրարտական անցման փուլը, ինչը, նրա խոսքով, մեր հնագիտության գրեթե ամենաչուսումնասիրված, ամենակնճռոտ շրջաններից մեկն է: ՈՒսումնասիրություննեը ցույց են տվել, որ հետուրարտական շրջանում թե՛ միջնաբերդում, թե՛ ամրոցում, թե՛ բնակավայրում,
կյանքը շարունակվել է:
«ՈՒնենք իրար հաջորդող երեք ժամանակաշրջաններ, որոնք շատ կարևոր են տեղանքի պատմության համար: Եկող տարի կշարունակվեն աշխատանքները և մենք ավելի համապարփակ պատկերացում կունենանք այս կարևոր հուշարձանի մասին»,- վստահեցրեց Միքայել Բադալյանը:

Ինչ վերաբերում է գտածոներին, արձանագրվել են կենցաղային և տնտեսական բնույթի խեցեղեն բեկորներ, կենդանական ոսկորներ, այրված փայտի մնացորդներ, մետաղե իրեր և այլն: Այժմ ընթանում են հնաբուսաբանական, հնակենդանաբանական և գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ:

Օձաբերդի հայ-իտալական միջազգային արշավախմբի ֆինանսավորումը իրականացնում է բացառապես հայկական կողմը` ի դեմս «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվո հյուպատոս Պերճ Օհանյանի:
Օձաբերդի պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել օտարերկրացի հնագետների շրջանում, մեծ թվով մասնագետներ ցանկություն են հայտնել միանալու հնագիտական աշխատանքներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ